Մուրադ-Ռաֆայելյան վարժարանը Վահրամ Փափազյանի հուշերում

Սովորական

…. Սովորություն էր ամեն օր, ցերեկվա զբոսանքին երկուական խնձոր տալ աշակերտներին: Լոմբարդիան հարուստ էր խնձորով, և Մուրատյան դպրոցի կալվածները մայր ցամաքում անսպառ խնձոր էին հայթհայթում աշակերտներին: Ուշ աշնան այդ գեղեցիկ բերքը, գրեթե ամբողջությամբ, ծովի ճամփով փոխադրվում էր դպրոցի մառանը և լիովին բավարարում տեսչության «խնձորաբուժական» ձգտումներին: Եվ որովհետև ամենագեղեցիկ իրը առօրյա դառնալով միշտ մի բան կորցնում է իր արժեքից՝ այդ ավանդական պտուղը անհրապույր էր դարձել բոլորիս համար, որով ավելի շուտ գնդակ էինք խաղում, քան թե ուտում: Մառանը, ուր պահվում էր արժեքից ընկած, սակայն և պարտադիր պաշարը, գտնվում էր հսկա շենքի ներքնահարկում, և ցանցապատ պատուհաններից ընդունում էր իր պահպանման համար անհրաժեշտ թարմ օդը, որոնք բացված էին պարտեզի վրա: Զբոսնելիս տեսնում էինք խնձորների բլուրները՝ այդ լուսամուտներից, առանց պատվելու նրանց գոնե մի հարգալից որկրամոլ հայացքով…: Բայց իմ սիրելի ընկերը, Գրիգոր Լաքքան, նույն կարծիքին չէր. նրա գնահատումը դեպի այդ ոսկեգույն պտուղները՝ պաշտամունքի էին հասնում, և չբավարարվելով մեր բաժին մի քանի տասնյակ խնձորից, որ զիջում էիք նրան, համոզեց ինձ մեխով զինված մի փայտով զբոսանքի ժամանակ մառանի լուսամուտից օրական մի քանի տասնյակ ևս որսալ այդ խնձորներից: Չանցավ մի քանի շաբաթ, և խնձորի բլուրները սկսեցին իջնել վրդովեցուցիչ արագությամբ: Այս երևույթից սարսափած՝ մառանապետ աղբայր Պիոսը, ցանկանալով անպայման այդ անբնական երևույթին վերջ դնել և բռնել հանցավորին, հանճարեղ հղացում ունեցավ՝ զբոսանքի պահին թաքնվել պտուղների կույտի տակ: Արժանապատիվ Պիոսը ճաղատ էր, և այդքան խնձորների մեջ կարելի էր զանազանել նրա գլուխը խնձորից: Իսկ ես իմ ընկերոջ անհագուրդ ախորժակը գոհացնելու բարի ցանկությամբ, խնձորները որսալիս, իհարկե, մեխով հանդիպեցի նրա գլխին:

Պիոսը, արյուն լվա դուրս պրծնելով խնձորների տակից, շտապեց հայտնել եղելությունը տեսչին: Դա թեև խնձորների գոնե մի մասը փրկեց Լաքքայի ամենակուլ կոկորդից, բայց մի անգամ ևս համոզեց իմ դաստիարակներին, որ խստագույն պատիժն անգամ անընդունակ էր ուղղել ինձ:

Այս անգամ դպրոցի «Պատժո տախտակի» վրա, ուր միշտ փայլում էր կավիճով գրված՝ իմ անունը, տեսչի կարգադրությամբ փորագրվեց որպես հավիտենական մեղադրանք անտանելի աշակերտիս:

Աղբյուրը՝ Վահրամ Փափազյան  Երկեր, Հատոր առաջին, էջ 89-90

Նյութը պատրաստեց՝ Կարինե Հովհաննիսյանը

Թողնել մեկնաբանություն